Դեմետրա

Ըստ հին հունական դիցաբանության՝ հողագործության և բերքատվության աստվածուհի։ Դեմետրան Կրոնոսի և Ռեայի երկրորդ դուստրն էր, որոշ ժամանակ եղել է Կրետեյում պաշտվող հողագործական աշխատանքների աստված Իասիոնի կինը, որից ծնել է հարստության աստված Պլուտոսին։ Նրա դուստր Կորեն, որին առևանգել էր Աիդեսը (Հադեսը), դարձել է վերջինիս կինը Պերսեփոնե անունով։ Ձմռան ամիսներին Պերսեփոնեն պետք է լիներ իր ամուսնու հետ՝ Դժոխքում, իսկ գարնանը վերադառնում էր մոր՝ Դեմետրայի մոտ։
Քրոնոս

Ըստ օրփեոսականների Քրոնոսը աշխարհի հիմքերից մեկն է՝ Զևսին և Երկրին հավասար։ Կրակը, օդը և ջուրը եղել են Քրոնոսի ծնունդ, իսկ այդ տարրերից առաջացել են աստվածների մի շարք սերունդներ։ Ոմանք անունների նմանության պատճառով նույնացրել են Քրոնոսին Կրոնոսի հետ։ Նոր ժամանակի արվեստում Քրոնոսը սովորաբար պատկերվում է գերանդին ձեռքին ծերունու տեսքով: