Պապ թագավորի մահը

Պապ թագավորի մասին, թե ինչպես սպանվեց – Փավստոս Բուզանդ

«… Եվ Պապ թագավորը իր միտքը ծռեց ու սիրտը շուռ տվեց հունաց թագավորից և կամեցավ սեր ու միաբանություն հաստատել պարսից թագավորի հետ. սկսեց իրեն թիկունք դարձնել պարսից թագավորին, նրա մոտ պատգամավորներ ուղարկեց միաբանություն հաստատելու համար։ Հետո պատգամավորներ ուղարկեց Հունաց թագավորի մոտ թե «Կեսարիայի հետ ուրիշ տասը քաղաք մերն են եղել, ետ տուր: Ուռհա քաղաքն էլ մեր նախնիներն են շինել, ուստի, եթե չես ուզում, որ խռովություն ծագի, ետ տուր, հակառակ դեպքում մեծ պատերազմ կծագի մեր մեջ»։ Թեպետ Մուշեղը և հայոց բոլոր իշխանները շատ հորդորեցին թագավորին, որ Հունաց թագավորության հետ իր ուխտը չխզի, բայց (Պապը) նրանց չլսեց և հայտնի կերպով ցույց տվեց իր թշնամությունը հունաց թագավորի նկատմամբ։
Իսկ հունաց իշխաններն ու զորքը դեռ Հայոց աշխարհում էին, իշխաններից մեկի անունը Տերենտ էր, մյուսինը՝ Ադե: Եվ Հունաց թագավորը գաղտուկ մի դեսպան ուղարկեց Հայաստանում եղած իր զորքերի իշխանների մոտ և հրաման տվեց սպանել հայոց Պապ թագավորին։ Հունաց իշխաններն ստացան այս հրամանն իրենց թագավորից և սպասեցին հարմար առիթի: Պատահեց մի հարմար ժամանակ. Պապ թագավորի բանակը գտնվում էր Բագրևանդ գավառում, Խու կոչված մի դաշտում և հայոց մեծամեծներն ու զորքը այնտեղ չէին, իսկ հունաց զորքերի բանակը գտնվում էր հայոց թագավորի բանակի մոտ։ Երբ Հունաց զորավարներ Տերենտն ու Ադեն իմացան, թե հայոց Պապ թագավորը մենակ է, փառավոր հացկերույթ սարքեցին և հայոց մեծ թագավոր Պապին ընթրիքի հրավիրեցին մեծ պատվով՝ համաձայն նրա արժանավորության, ինչպես թագավոր մարդու հրավիրում են փառավոր հացկերույթի։ Ամեն բան կազմել, պատրաստել էին։ Պապ թագավորը, գալով ընթրիքի, մտավ ու բազմեց կերուխումի։ Իսկ երբ թագավորը մտնում էր Հունաց Տերենտ զորավարի խորանը, (տեսավ), որ լեգեոնի ասպարակիր զինվորները ձեռներին վահան, գոտիներում սակր, ներսըխորանի պատերի մոտ, (սեղանի) շուրջը պատելով, պահպանում էին, դրսում նույնպես պատրաստ կանգնած էին լավ սպառազինված, իսկ վրայից սովորական զգեստ հագած (զինվորներ)։ Իսկ Պապ թագավորն իր խելքով՝ այնպես էր կարծում, թե իրեն պատվելու համար են այդպես արել: Եվ մինչ ընթրիքի ժամանակ նա ուտում էր, սակրավոր զորքը նրա ետևը կանգնած նրան ամեն, կողմից շրջապատել էր։ Երբ սկսեցին խմել, ուրախության առաջին բաժակը մատուցեցին Պապ թագավորին, և իսկույն իրենց ներդաշնակ ձայներով հնչեցին թմբուկներն ու սրինգները, քնարներն ու փողերը: Եվ մինչ Պապ թագավորը ուրախության գինին բռնած էր մատներով և նայում էր գուսանների խմբին, մինչ ձախ ձեռքը արմունկին հենած՝ բռնած ուներ ոսկե թասը, իսկ աջ ձեռքը դրել էր նրանի կոթին, որ կապած էր աջ ազդրին, մինչ բաժակը բերանն էր տարել, որ խմի, հունաց զորքին աչքի ակնարկով նշան տվին, և երկու սակրավոր զինվորներ, որ ետևից կանգնած էին սպասավորության ոսկեպորտ վահաններով, հանկարծակի միասին սակրերը բարձրացնելով, զարկեցին Պապ թագավորին։ Մեկը ուղիղ վզին է հարվածում, մյուս սակրավորը զարկում է աջ ձեռքի թաթին, որ դրված էր նրանի կոթի վրա, կտրում և դեն է գցում։ Պապ թագավորը տեղն ու տեղը ընկնում է բերանքսիվայր, թասով գինին և պարանոցից հոսող արյունը թափվում են սեղանին։ Պապ թագավորն անմիջապես մեռնում է։ Սեղանատանը աղմուկ և շփոթություն ընկնելուն պես՝ Անձևացյաց գավառի տեր Գնելը վեր է կենում բազմած տեղից, սուրը քաշում է ու սպանում է զինվորներից մեկին, որ խփել էր թագավորին։ Այն ժամանակ հունաց Տերենտ զորավարը, իր սուրը հանելով, խփում է և Գնելի գլխից սկավառակը կտրելով աչքերի վրա է շուռ տալիս։ Եվ ուրիշ ոչ ոք ոչինչ չհանդգնեց ասել նրանց և ոչ մի խոսք»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *